Ուղերձները բավարար չեն, անհրաժեշտ են Բաքվի նկատմամբ միջազգային հստակ գործողություններ. Միրզոյանը՝ լեհ գործընկերոջը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարար Միրզոյանն իր լեհ գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն 8 ամսից ավելի շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող ճգնաժամը: «ԱԳ նախարարն ընդգծել է, որ ԼՂ-ում գրեթե բոլոր բնագավառներում խաթարված են կենսագործունեության համար բավարար պայմանները և խախտված են 120000 բնակչության նույնիսկ տարրական իրավունքները: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ մինչ շրջափակումը սպառվող սննդամթերքի շուրջ 90%-ը ներկրվում էր Հայաստանից. այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ոչ միայն չի ստանում այդ մատակարարումները, այլև զրկված է նույնիսկ ԿԽՄԿ միոջոցով հնարավոր հումանիտար աջակցությունից:

ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ԼՂ-ն էթնիկ զտումների ենթարկելու՝ Ադրբեջանի մտադրության կանխման հրամայականը՝ շեշտելով, որ ուղերձներն արդեն բավարար չեն և անհրաժեշտ են միջազգային հանրության հստակ գործողություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ վերահաստատելով Հարավային Կովկասում կայունության հաստատման հարցում հայկական կողմի հանձնառությունը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ հրահրելով՝ Ադրբեջանը խոչընդոտում է այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության, այդ թվում՝ ԵՄ ջանքերին:

Տեսանյութեր

Լրահոս