Համընկնող վարկածներ
Այսօր Հայաստանի Անկախության Հռչակագրի օրն է։ Նոր սերունդը չի կարող պատկերացնել, թե 1990թ․ օգոստոսի 23-ին,ինչպիսի ոգևորություն էր տիրում ողջ Հայաստանում։ Հիշեցնեմ, որ Հայկական ԽՍՀ-ում հատուկենտ մարդիկ էին, որ և երազում և մտածում էին Հայաստանի անկախության մասին։ 1988-90թթ․ արցախյան շարժումն էր, որը հայ ժողովրդի մեծամասնությանը բերեց նաև անկախության գաղափարին։ Նորից ու նորից կրկնեմ՝ արցախյան շարժումը բերեց անկախության գաղափարին։ Այսինքն, Հայաստանի անկախությունն ու Արցախի ազատագրումը փոխկապակցված են։ Չկա Հայաստանի անկախություն, առանց ազատագրված Արցախի։
Եվ այսօր, Անկախության օրը, իր սովորության համաձայն, վարչապետ կոչեցյալն, իր այսպես կոչված, ուղերձով, հարամեց նաև այս նշանակալից օրը։ Այն որ, վարչապետ կոչեցյալը կիսագրագետ է, կարծում եմ անվիճելի փաստ է։ Ինչպե՞ս կարող է, բանասիրական , թեկուզ թերի բարձրագույն կրթություն ստացած մարդը խառնել Նար-Դոսին Հովհաննես Թումանյանի հետ։ Մարդ կարող է լինել կիսագրագետ, բայց ոչ ապուշ։ Իհարկե, վարչապետ կոչեցյալը չի փայլում իր իմաստությամբ, բայց նրան ապուշ նույնպես չի կարելի համարել։
Արդ, ո՞րն է պատճառը, որ վարչապետ կոչեցյալը հարձակումներ է գործում հայ ժողովրդի նվիրական խորհրդանիշների վրա՝ Արարատ լեռ, զինանշան, օրներգ և հիմա էլ՝ Անկախության հռչակագիր։
Կարծում եմ, կարող են լինել երկու վարկածներ։
Առաջինը, ինքնասիրահարվածությունն ու ինքնահաստատումն է և իհարկե, բռնապետական հակումները։ Հիշենք, երբ նոր էր դարձել վարչապետ, Հայաստանի բնակավայրերը ողողվեցին նրա «իմաստուն» խոսքերով։ Կենդանությանն օրոք, տեղադրվեց նրա արձանը։ Հարկադրեց իր կուսակիցներին և նախարարներին, իրենց գրասենյակներում կախել իր դիմանկարը։ Իր հայտվելուն պես, բոլոր ենթակաները պետք ոտքի կանգնեն։Հիշենք նաև մաքսատան աշխատող երիտասարդին նվաստացնելը, քանի որ նա ոտքի չէր կանգնել։Այս վարկածի ապացույցներից է նաև, տարբեր մարզերում բեմականացումները, վարձատրված՝ փնթի, չսափրված տղամարդիկ, կեղծ ժպիտներով ողջագուրվող կանայք և խեղճուկրակ երեխաները։Եվ այս ինքնահաստատման և բռնապետական մոլուցքով տարված, վարչապետ կոչեցյալն ուզում է դառնալ հայ ժողովրդի համար նոր «առաքյալ»՝ ջնջել ամեն ինչ՝ արժեքներ, հիշողություն, արժանապատվություն, նրան դարձնելով հպատակ զանգված։
Երկրորդ վարկածն այն է, որ վարչապետ կոչեցյալը, հավաքագրված լինելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, կատարում է նրանց ցուցումները։
Համոզված պնդում եմ, որ երկու վարկածներն այս դեպքում համընկնում են։ Մենք գործ ունենք, օտար , թշնամի ուժերին սպասարկող, բռնապետական հակումներ ունեցող, ինքնահաստատվող երևույթի հետ։
Հիանալ կարելի է, թե ինչպես են այդ ծառայություններն ընտրել հենց նրան, մարդ որը զուրկ է մարդկային այնպիսի զգացումներից, ինչպիսիք են՝ սերը, գթասրտությունը,մարդկային և ազգային արժանապատվությունը և առաջնորդվում է միայն ստերով, կեղծիքներով, բանսարկությամբ, չարությամբ, վրեժխնդրությամբ և շահով։
Բնականաբար, նման մարդը չի կարող խաղաղասեր լինել, քանի որ իրական խաղաղասերները հայտնի են իրենց մարդասիրությամբ և գթասրտությամբ։ «Խաղաղասիրության» անվան տակ, նա կատարում է իր տերերի հանձնարարությունները՝ ուրանալով ամեն սրբություն։
Եվ այս ամենն, իբր Հայաստանի ինքնիշխանության և անկախության համար։ Պատկերացնում եմ, եթե նա ծնված լիներ 1900-ականներին, ապա ինչպիսի դաժան բոլշևիկ- մարդասպան կլիներ, հատկապես Հայաստանի անկախության կողմնակիցների նկատմամբ։
Հ․Գ․ Անկախության հռչակագրի օրվա կապակցությամբ ուղերձ էր հղել նաև վարչապետ կոչեցյալի նախագահ-կնիքը։ Հարց․ չի՞ վախենում, արդյոք, նա իր վարչապետ կոչեցյալից, որ իր հերթին,չի քննադատել Հռչակագիրը։
Ավետիք Իշխանյան