Մոսկվայի մարզում ԱԹՍ-ների հերթական գրոհն է կասեցվել, դրանցից մեկն ընկել է «Մոսկվա-սիթի»-ում
Անօդաչու թռչող սարքերը գիշերը հերթական անգամ թիրախավորել են Մոսկվայում գտնվող օբյեկտներ։ Երեք անօդաչուների հարձակման փորձը կանխվել է։ Դրանցից մեկն ընկել է «Մոսկվա-սիթի»-ում, մյուս երկուսը՝ Մոսկվայի մարզի տարածքում։
«Ս.թ.օգոստոսի 23-ի գիշերը հակաօդային պաշտպանության ուժերը խափանել են Կիևի վարչակարգի հերթական փորձը՝ ինքնաթիռային տիպի երեք անօդաչու թռչող սարքերով ահաբեկչություն իրականացնել Մոսկվա քաղաքում։Մայրաքաղաքի վրա գրոհող ԱԹՍ-ներից երկուսն օդում ոչնչացվել են ՀՕՊ համակարգերի կողմից Մոսկվայի մարզի Մոժայսկի և Խիմկիի շրջանների տարածքում։Երրորդ ԱԹՍ-ն ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և, կորցնելով կառավարումը, բախվել է «Մոսկվա-սիթի» համալիրում կառուցվող շենքին», – նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։
Գերատեսչությունում հավելել են, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Իր հերթին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ «Մոսկվա-սիթի»-ում ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով հարևան երկու 5-հարկանի շենքերում կոտրվել են ապակիները։