Բաժիններ՝

«Դավինչի» տուրիստական գործակալության տնօրենին և տուրիզմի մենեջերին մեղադրանք է ներկայացվել քաղաքացիներից 224 միլիոնից ավելի գումար հափշտակելու համար

Ավարտվել է «Դավինչի» տուրիստական գործակալության կողմից կատարված խարդախության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ «Դավինչի» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրենն, ի սկզբանե նպատակ ունենալով խարդախությամբ հափշտակել գործակալության հաճախորդների գույքը, գիտակցելով գործակալությունում առկա ֆինանսական խնդիրների պատճառով հաճախորդների հանգիստը արտերկրում կազմակերպելու անհնարինությունը, ստանձնել է տուրիստական գործակալություն դիմած քաղաքացիների հանգիստը մի շարք երկրներում կազմակերպելու և ֆինանսական գործարքներ իրականացնելու պարտականություն:

Վերջինս և նույն ՍՊԸ-ի տուրիզմի մենեջերը, նախնական համաձայնությամբ, 2020թ. հունվարի 23-ից մինչև 2021թ. օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տուրիստական գործակալության հանդեպ քաղաքացիների ունեցած վստահությունից, չարաշահելով այդ վստահությունը, տուրիստական գործակալություն դիմած 177 անձանց հանգիստը մի շարք երկրներում կազմակերպելու, այդ նպատակով ավիատոմսերի և հյուրանոցային համարների նախապես ամրագրումներ կատարելու պատրվակով, շարունակաբար, խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուրը՝ 224.066.450,84 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Դավինչի» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրենին և տուրիզմի մենեջերին մեղադրանք է ներկայացվել: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս