ՌԴ-ում հայտնել են ԱԹՍ-ների հերթական գրոհի մասին․ Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Մոսկվայի և Բրյանսկի մարզերում չորս անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։
«Երկու անօդաչու թռչող սարքեր հայտնաբերվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից և ճնշվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով, դրանք կործանվել են Բրյանսկի մարզի տարածքում… Մոսկվայի մարզի տարածքում հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է երկու անօդաչու թռչող սարք», – նշված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրությունում։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր Telegram ալիքում նույնպես հայտնել է Մոսկվայի մարզի տարածքում 2 ԱԹՍ-ների ոչնչացման մասին։ Ըստ նրա՝ անօդաչուներից մեկն ընկել է Չասցիի շրջանում, իսկ մյուսը՝ Կրասնոգորսկի։
Արտակարգ ծառայություններից ТАСС-ին հայտնել են, որ Կրասնոգորսկի բազմաբնակարան շենքերից մեկի մի քանի հարկերում կոտրվել են պատուհանների ապակիները։ Վնասվել են շենքի մոտ կայանված մեքենաները։
Միջադեպից հետո «Շերեմետևո», «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են չվերթերի ընդունումը և մեկնումը։ Ըստ ТАСС-ի՝ «Շերեմետևո»-ում և «Դոմոդեդովո»-ում սկսել են չվերթեր ընդունել, իսկ «Վնուկովո»-ն դեռ որոշ ժամանակ էլ փակ է մնացել։ Ավելի ուշ «Վնուկովո»-ն ևս վերսկսել է աշխատանքը։ Օդանավակայանների աշխատանքի ժանանակավոր դադարեցման ընթացքում մեկ տասնյակից ավելի չվերթեր են հետաձգվել։