Մարդասիրական քողի ներքո ադրբեջանական իշխանությունը, կեղծ ցուցակներ կազմելով, Հայաստանի ամբողջ տարածքը ներկայացնում է Ադրբեջան. Արման Թաթոյան

Արման Թաթոյանը գրում է. «Մարդասիրական քողի ներքո ադրբեջանական իշխանությունը, կեղծ ցուցակներ կազմելով, Հայաստանի ամբողջ տարածքը ներկայացնում է Ադրբեջան:

Ադրբեջանի իշխանության ուղիղ համակարգմամբ, նկատի ունենալով Հայաստանը, «Արևմտյան Ադրբեջան» բացարձակ կեղծ հայեցակարգի շրջանակում կազմվել են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադարձողների համար համակարգող մարդկանց հատուկ ցուցակներ:

Այդ ցուցակներում Հայաստանի քաղաքների ու գյուղերի անվանումները ներկայացված են ադրբեջանական կեղծ անվանումներով։

Սա իրականում ադրբեջանական իշխանության ռազմաքաղաքական ծրագիր է, բայց փորձ է արվում դրան տալ մարդասիրական բնույթ՝ թաքցնելու համար Հայաստանի Հանրապետությանն ուղղված տարածքային նոր նկրտումները և սպառնալիքները։ Ընդ որում, խոսքը ոչ թե 1 կամ 2 բնակավայրի, այլ Հայաստանի ամբողջ տարածքի մասին է. ինչպես իրենք են նշում՝ 29,800 քառ.կմ։

Հատկապես ուշագրավ է, որ 2020թ. 44-օրյա պատերազմից առաջ «Արևմտյան Ադրբեջան» տերմինը գրեթե չի գործածվել Ադրբեջանում։

Այս նոր եզրույթն իր հայեցակարգով մշակվել և շրջանառվում է հատկապես 2022թ. սկսած։

Ընդ որում, Ադրբեջանում պաշտոնյաներ են արդեն խոսում վերադարձի ինչ-որ առաջին փուլի և արդեն մոտ 300,000 մարդու մասին։

Այս ամենը պետք է դիտարկել՝ որպես ադրբեջանական իշխանության հայատյաց ֆաշիստական քաղաքականության մաս, որ իրականում որևէ առնչություն չունի խաղաղության հետ և իրացվում է ադրբեջանական շարունակվող թշնամանքի պայմաններում»

Տեսանյութեր

Լրահոս