Ստեփանակերտը հերքում է Շուշիի շրջանում դիրքային բարելավման փորձի մասին Բաքվի մեղադրանքները

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե պաշտպանության բանակի ստորաբաժանումները Շուշիի շրջանում փորձել են դիրքերի բարելավման նպատակով առաջխաղացում իրականացնել։ Արցախի պաշտպանության նախարարությունն այս մասին հաղորդագրություն է տարածել։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 21-ին ժամը 19:45-ի սահմաններում Շուշիի շրջանում փորձել են դիրքերի բարելավման նպատակով կատարել տեղաշարժ, ինչը իբր թե կանխվել է ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։

Ակնհայտ է, որ պարբերաբար կեղծ լուրեր տարածելով Ադրբեջանի ՊՆ֊ն փորձում է հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի մշտական խախտումները և տեղեկատվական հենք է նախապատրաստում հետագա սադրանքների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղում իր խաղաղապահ զորակազմի գործունեության վերաբերյալ ամենօրյա տեղեկագրում հայտնել է, որ խաղաղապահների կողմից Շուշիի շրջանում հրադադարի խախտում է արձանագրվել։ Թեև ռուսական կողմը չի նշել, թե որ կողմն է խախտել հրադադարը, Ադրբեջանի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ հենց Ադրբեջանն է հրադադարը խախտող կողմը։

Տեսանյութեր

Լրահոս