Ահազանգ. Արցախում ծայրահեղ իրավիճակի հրահրումն Ադրբեջանի համար «հակաահաբեկչական գործողություն» իրականացնելու հիմք է

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրել է.

«Արցախի աշխարհազորի հրամանատարը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնալով Արցախում ստեղծված ծանր իրավիճակին, այդ թվում` պատերազմի հետևանքներին, նշում, որ դրանում գործող նախագահ Արայիկ Հարությունյանին պետք չէ մեղադրել:

Անդրադառնալով մեղավորների խնդրին, թեման հրում է «նախկինների» դաշտ ու ոչինչ չի ասում ՀՀ այն իշխանության մասին, ով հայտարարել է, որ պատրաստ է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, իսկ իրենց ու անձամբ Կարեն Մաթևոսյանին` Ադրբեջանի քաղաքացի:

Ավելին, աշխարհազորի հրամանատարը սպառնում է` Արայիկ Հարությունյանի շուրջ համախմբում տեղի չունենալու դեպքում, ինքն ու դաշտային հրամանատարները ցրելու են կառավարությունն ու խորհրդարանը և նոր ճգնաժամային մարմին ձևավորելու, որտեղ որոշումներն իրենք կընդունեն:

Ի դեպ, Արցախի խորհրդարանի ու կառավարության լուծարումն Ադրբեջանի պաշտոնական պահանջներից է, որն անձամբ Ալիևն է հնչեցրել:

Նաև ուզում եմ հստակ արձանագրել, որ Արցախում այսպիսի ծայրահեղ իրավիճակի հրահրումն Ադրբեջանի համար «հակաահաբեկչական գործողություն» իրականացնելու հիմք է ձևավորելու, որովհետև սրա մասին ևս Ալիևը մի քանի անգամ ասել է և հարմար առիթ է փնտրում, որպեսզի Արցախում իր համար բարենպաստ դաշտի ձևավորման դեպքում, ներքին զորքերի անվան տակ առաջ տա իր հատուկ նշանակության ստորաբաժանումները:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ հնչեցված հայտարարությունը սահմանադրական կարգի տապալման մասին է, ինչը ենթադրում է համապատասխան մեխանիզմների գործարկում:

Նախընտրելի տարբերակներից է` Մաթևոսյանի հետ նստել խոսել, բացատրել իր հայտարարությունների և քայլերի ծանր քաղաքական հետևանքները, հակառակ դեպքում իրադարձություններն Արցախի համար կայծակնային դաժան հետևանքներ կունենան»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ այդ կապակցությամբ ահազանգ էին հնչեցրել շրջափակման մեջ Արցախում գտնվող Ռուբեն Վարդանյանը և Արցախի հերոս, գեներալ Արշավիր Ղարամյանը՝ ահազանգելով և զգուշացնելով արցախցիներին.

«Սիրելի արցախցիներ՝ եկել է սթափվելու և գիտակից գտնվելու պահը՝ լինել զգոն, խոհեմ և չտրվել ավելորդ հույզերին ու էմոցիաներին…

Ընդամենը մեկ օր առաջ նախազգուշացրել էի, որ Արցախը գտնվում է քաոսի նախաշեմին, իսկ այսօր Արցախը արդեն գտնվում է քաոսի շեմին և ցանկացած պահի հնարավոր է սկսվի անկառավարելի քաոս,որն էլ հղի է անկանխատեսելի զարգացումներով ռւ անկարգություններով՝ ընդհուպ մինչև տարբեր խմբավորումների միջև արյունալի բախումների…»:

Տեսանյութեր

Լրահոս