Նոր կարգավորում վարչապետի ինքնաթիռի և ուղղաթիռի մասին. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ինչ-որ պահից ոչ թե մեր պետության անվտանգային խնդիրները կարեւորվեցին, այլ երկրի ղեկավարի անձնական անվտանգությանը, կոմֆորտին վերաբերող հարցերը, որոնց լուծումը Նիկոլ Փաշինյանի համար դարձել է օրախնդիր, առաջնային հարց։ Օրերս խորհրդարան է ներկայացվել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է վարչապետին լիազորել՝ սեփական որոշմամբ հստակ ամրագրել իրեն սպասարկող ինքնաթիռով եւ ուղղաթիռով «չվերթների կազմակերպման, իրականացման եւ անվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունների կարգավորման իրավական հիմքը»:
Գործող օրենքը սահմանում է միայն, որ վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում են հատուկ սարքավորված ինքնաթիռ եւ ուղղաթիռ, «բացակայում է այդ ինքնաթիռով եւ ուղղաթիռով չվերթների կազմակերպման, իրականացման եւ անվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունների կարգավորման իրավական հիմքը»:
«Հետեւաբար, նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետի սպասարկման նպատակով տրամադրված հատուկ սարքավորված ինքնաթիռով եւ ուղղաթիռով չվերթների կազմակերպման, իրականացման եւ անվտանգության ապահովման կարգը սահմանելու համար լիազորող նորմի սահմանման անհրաժեշտությամբ, ինչի արդյունքում վարչապետի որոշմամբ սահմանված կարգով հնարավոր կլինի ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետին սպասարկման նպատակով տրամադրված հատուկ սարքավորված ինքնաթիռով եւ ուղղաթիռով չվերթների կազմակերպումը, իրականացումը եւ անվտանգության ապահովումը»»: