ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վերաբերյալ քաղաքակիրթ աշխարհն ունի համընդհանուր ընկալում. Միրզոյանը՝ Ռումինիայի գործընկերոջը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն oգոստոսի 17-ին հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Լյումինիցա Թեոդորա Օդոբեսկուի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը ժամ առ ժամ է խորանում՝ մանրամասնելով ԼՂ 120 հազար բնակչության և հատկապես խոցելի խմբերի համար առաջացած լրջագույն խնդիրները:

Ըստ աղբյուրի՝ նախարար Միրզոյանը նշել է, որ 2022թ. դեկտեմբերից ի վեր ՄԱԿ Անվտանգության խորհրդի երկու նիստերի քննարկումները, ինչպես նաև մինչ օրս տարբեր կառավարությունների և միջազգային կառույցների կողմից ուղերձները ցույց են տալիս, որ ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վերաբերյալ քաղաքակիրթ աշխարհն ունի համընդհանուր ընկալում: Այդուհանդերձ, ԼՂ-ում իրավիճակի հաղթահարումը պահանջում է միջազգային հանրության կողմից հստակ քայլերի ձեռնարկում՝ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի պարտադիր իրավաբանական ուժ ունեցող որոշումների իրականացման և Լաչինի միջանցքով երկու ուղղություններով ազատ և անխափան տեղաշարժի վերականգնման նպատակով։

Նշվում է, որ, վերահաստատելով հայկական կողմի՝ տարածաշրջանում կայունության հաստատման գործում դիրքորոշումը, նախարար Միրզոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումով Ադրբեջանը սպառնում է այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերին:

Տեսանյութեր

Լրահոս