Վստահ եմ, որ ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև ռազմական ոլորտում համագործակցությունը հաջող կլինի․ Չինաստանի դեսպանատան ռազմական կցորդ
Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև համագործակցությունը ռազմական ոլորտում մեծ ներուժ ունի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Չինաստանի դեսպանատան ռազմական կցորդ Ան Ցյանը՝ ընդգծելով, որ ամեն ինչ կանի հաջողության հասնելու համար։
«Լինելով ռազմական կցորդ՝ իմ առաջնային նպատակն է զարգացնել համագործակցությունը երկու երկրների միջև ռազմական ոլորտում։ Թե՛ Հայաստանը, թե՛ Չինաստանը մշակութային ընդհանրություն ունեն։ Պատմության ընթացքում թե՛ Հայաստանը, թե՛ Չինաստանը շատ դժվարությունների միջով են անցել։ Երկու երկրներն էլ կարողացել են այդ դժվարություններից դուրս գալ։ Եվ այդ ամենը հիմք էր, որպեսզի զարգացնենք համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական ոլորտում։ Իհարկե, կան շատ աշխատանքներ անելու։ Միջազգային խաղաղապահության, հումանիտար ականազերծման, ռազմական կրթության, ռազմական բարեփոխումների և տեխնոլոգիաների ոլորտում ևս կարող ենք համագործակցել։ Այդ համագործակցության ոլորտները զարգացման մեծ ներուժ ունեն։ Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի հայ-չինական հարաբերությունները ռազմական ոլորտում զարգանան»,- ընդգծեց Ցյանը։
Անդրադառնալով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պաշտպանության նախարարությանը կից միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրենի գլխավորած պատվիրակության այցին Հայաստան՝ ռազմական կցորդն ընդգծեց, որ այցն անձամբ ինքն է կազմակերպել, որպեսզի ավելի ամրապնդվի համագործակցությունը։
«Պատվիրակությունը, որը այցելել էր Հայաստան, շատ գոհ էր հանդիպումների արդյունքներից։ Վստահ եմ, որ ռազմական ոլորտում համագործակցությունը երկու երկրների միջև հաջող կլինի։ Ես ամեն ինչ կանեմ դրա համար»,- եզրափակեց Ցյանը։