Բաժիններ՝

Էկվադորում քաղաքական գործիչների սպանությունները վախ են սերմանում. փորձագետ

Քաղաքական գործիչների մի շարք սպանությունների ֆոնին՝ ընտրողների սարսափը դարձել է Էկվադորի ընտրությունների ամենակարևոր բաղադրիչը։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է քաղաքական ռիսկերի կառավարման փորձագետ, գործակալությունների հիմնադիր Պաբլո Մորալեսը։

Օրեր առաջ Կիտոյում կողմնակիցների հանրահավաքից հետո սպանվել է քաղաքական շարժումներից մեկի ղեկավար և նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոն։ Բացի այդ, սպանվել է Էկվադորի Էսմերալդաս նահանգում «Քաղաքացիական հեղափոխություն» քաղաքական շարժման առաջնորդ Պեդրո Բրիոնեսը։

«Վախը ամենակարևոր քաղաքական գործոնն է այս ընտրություններում, և դրա ազդեցությունն անկանխատեսելի է: Էկվադորն ապրում է բռնության աննախադեպ միջավայրում, որտեղ մարդասպանները հարձակվում են քաղաքական գործիչների, գործարարների և հասարակ քաղաքացիների վրա: Պետության բացակայությունը հանգեցրել է շփոթության և հուսահատության, ինչի արդյունքում ազգային համաձայնության սերմերը, ցավոք, տեսանելի չեն ընտրական քարոզարշավի ընթացքում»,- ասել է Մորալեսը։

Նրա կարծիքով՝ քաղաքական գործիչների սպանությունները հասել են իրենց նպատակին, քանի որ շատերը նախատեսում են հեռանալ երկրից։

«Բռնությունների ազդանշանն ակնհայտ է, մաֆիան ցանկանում է կառավարել բոլոր միջոցներով: Պետության արձագանքն անարդյունավետ է և լավագույն դեպքում կփոխի միայն մաֆիայի ռազմավարությունը»,- հավելել է Մորալեսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս