
ՄԱԿ-ի ԱԽ-ն կարող է որոշիչ դեր ստանձնել ԼՂ-ում հումանիտար աղետի կանխարգելման գործում. Միրզոյանը՝ Բրազիլիայի գործընկերոջը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն оգոստոսի 16-ին հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրայի հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ 120 հազար բնակչության և հատկապես խոցելի խմբերի հիմնարար իրավունքների խախտումներն ու նրանց համար ստեղծված ծայրահեղ ծանր պայմանները, այդ թվում՝ սննդի և դեղորայքի սուր պակասը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանն իր գործողություններով խախտում է ոչ միայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, այլ նաև ՄԱԿ իրավական բարձրագույն ատյանի՝ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի պարտադիր ուժ ունեցող որոշումները:
Ըստ աղբյուրի՝ նախարար Միրզոյանը շեշտել է Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ վատթարացող հումանիտար ճգնաժամի վերացման հրատապությունը՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով անխափան տեղաշարժի վերականգնման միջոցով, և համոզմունք հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է որոշիչ դերակատարում ստանձնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի կանխարգելման համատեքստում։