ՌԴ-ում նախատեսում են ընդունել ԱԹՍ-ների հարձակումների լուսանկարների և տեսանյութերի հրապարակումն արգելող օրենք
Ռուսաստանցի սենատորները օրինագիծ են մշակել, ըստ որի՝ արգելվելու են անօդաչու թռչող սարքերի հարձակումների, գնդակոծությունների վայրերի և այլ ռազմական տեղեկատվություն պարունակող լուսանկարների ու տեսանյութերի հրապարակումները, որոնք հնարավորություն են տալիս բացահայտել ՌԴ ԶՈՒ տեղակայման վայրերը:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, բացառություն են լինելու այն նյութերը, որոնք պաշտոնապես տարածվելու են ՌԴ պաշտպանության նախարարության կողմից։
Դաշնային խորհրդի մշակած փոփոխությունների համաձայն՝ օրինազանցները կտուգանվեն 500 հազար ռուբլու չափով, իսկ կրկնահանցագործության դեպքում կպատժվեն երեք տարի ազատազրկմամբ։
Օրինագիծը Պետդումա ներկայացնելու որոշումը կկայացվի աշնանը՝ խորհրդակցությունների ավարտից հետո, այդ թվում՝ նոր շրջանների հետ կապված, ասել է Դաշնային խորհրդի սահմանադրական օրենսդրության և պետականաշինության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կլիշասը։