
Չենք տեսնում ոչ մի արտասովոր ռազմական տեղաշարժ կամ կուտակում․ Հայաստանում ԵՄ առաքելությունը հերքում է Ադրբեջանին

Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը հերքել է Ադրբեջանի կեղծ մեղադրանքներն այն մասին, թե Հայաստանը զորք ու զինտեխնիկա է կուտակում սահմանին։
Հայաստանում ԵՄ առաքելության X-ի (նախկինում «Թվիթեր») միկրոբլոգում հրապարակում է արվել, որում նշված է, որ Առաքելությունը գործող 4 բազաների միջոցով ամեն օր հետևում է ռազմական և անվտանգային իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին։ «Հիմք ընդունելով տեղում եղած տեղեկությունները՝ մենք չենք տեսնում ոչ մի արտասովոր ռազմական տեղաշարժ կամ կուտակում՝ հատկապես Լաչինի միջանցքի մոտ։ Մենք շարունակում ենք պարեկությունը»,-ասված է գրառման մեջ։
Օգոստոսի 15-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ կեղծ տեղեկություն տարածելով, թե իբր Հայաստանը ռազմական տեխնիկա և զորք է կուտակել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Դրան հետևել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարության արձագանքը, որը հերքել էր Ադրբեջանի կեղծ մեղադրանքները։ Հայաստանի ԱԳՆ-ն արձանագրել էր, որ ստահոդ տեղեկություններ տարածելու եղանակով Ադրբեջանը տարածաշրջանում իրադրությունը լարելու մտադրություն ունի։