ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ է հրավիրել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցով
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն օգոստոսի 16-ին արտակարգ նիստ է հրավիրել՝ արձագանքելով Հայաստանի ահազանգին այն մասին, որ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ է հարևան Ադրբեջանի կողմից, ինչի հետևանքով 120 հազար մարդ սովի է մատնվել ու բախվել լայնամասշտաբ հումանիտար աղետի։
Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Նշվում է, որ ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելությունը հայտնել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստը կանցկացվի բաց ռեժիմով և կկայանա օգոստոսի 16-ին։
Հայաստանն օգոստոսի 11-ին դիմել էր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով։ Ներկայացնելով Արցախում տիրող իրավիճակն ու շեշտելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն այսօր կանգնած է հումանիտար լիակատար աղետի եզրին՝ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ ԱԽ նախագահին ուղղված նամակում նշել է, որ ներկա պայմաններում Հայաստանի կառավարությունը հայցում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի միջամտությունը՝ որպես գլոբալ անվտանգության ապահովման և զանգվածային ոճրագործությունների, ներառյալ՝ պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման առաջնային մարմնի։ Մարգարյանն ընդգծել է՝ 2023-ի հունիսի 15-ից առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում՝ սննդամթերքի, դեղորայքի և վառելիքի ծայրահեղ պակասը սրվել է, երբ Ադրբեջանը լիովին փակեց Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ արգելելով որևէ, նույնիսկ մարդասիրական մուտքը Լեռնային Ղարաբաղ, իսկ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղ բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման կանխամտածված շարունակական խափանումները ծայրահեղ վնաս են պատճառել ժողովրդի կենսագործունեությանը։