Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունը փրկել է առագաստանավում գտնվող 20 միգրանտի
Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունը Հռոդոս կղզու մոտ փրկել է առագաստանավում գտնվող 20 միգրանտի:
Նրանց տեղափոխողները, որոնք երկուսն են եղել, ձերբակալվել են։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Աթենք-Մակեդոնյան լրատվական գործակալությունը:
Ըստ լրատվականի՝ Հռոդոս նավահանգստի վարչակազմն ազդանշան է ստացել Հռոդոս կղզու Արխանգելոս գյուղի մերձակայքում գտնվող ծովային տարածքում ուղևորներով առագաստանավի առկայության մասին։
«Առափնյա պահպանության շարժիչանավակն անմիջապես մեկնել է այդ կետ, հայտնաբերել և կանգնեցրել է առագաստանավն ու անցել 20 մարդու փրկելու գործին (12 տղամարդ, 4 կին, 4 երեխա)»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ձերբակալվել են նաև երկու օտարերկրացիներ, որոնք, ենթադրաբար, անօրինական միգրանտներին տեղափոխել են առագաստանավով:
Հռոդոսի կենտրոնական նավահանգստի վարչակազմը, որը նախաքննություն է անցկացնում, առգրավել է առագաստանավը։