Ստահոդ տեղեկությունների տարածումը վկայում է տարածաշրջանում իրադրությունը լարելու Ադրբեջանի մտադրության մասին. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարությամբ անդրադարձել է Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությանը՝ նշելով, որ, ստահոդ տեղեկությունների տարածումը վկայում է տարածաշրջանում իրադրությունը լարելու Ադրբեջանի մտադրության մասին:
Հայտարարության մեջ նշված է. «Վերջին օրերին Ադրբեջանը կտրուկ ուժգնացրել է Հայաստանի Հանրապետությանն առնչվող թյուր և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը:
Նման ամենաթարմ օրինակը ՀՀ զինված ուժերի կողմից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով զորքերի և ռազմամթերքի կուտակման մասին ապատեղեկատվությունն է: Այդ ստահոդ տեղեկությունների տարածումը վկայում է տարածաշրջանում իրադրությունը լարելու Ադրբեջանի մտադրության մասին:
Ի հեճուկս Հայաստանի Հանրապետության կողմից բազմիցս իրականացված հերքումների՝ Ադրբեջանը շարունակում է տարածել Լեռնային Ղարաբաղում ՀՀ բանակի ներկայության մասին պնդումը, որը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:
Միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ այս հարցի պարզաբանման համար Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու Հայաստանի Հանրապետության առաջարկությունը բազմիցս մերժվել է Ադրբեջանի կողմից: Ադրբեջանի շարունակվող պնդումների պայմաններում նման առաքելությունն ակնհայտորեն ավելի հրատապ է դառնում:
Ակնհայտ է նաև, որ Ադրբեջանի կողմից կազմակերպվող ապատեղեկատվական արշավի նպատակներից մեկը Լեռնային Ղարաբաղում օր օրի ահագնացող հումանիտար ճգնաժամից և հումանիտար աղետի հրահրման միջոցով էթնիկ զտումներ իրականացնելու իր քայլերից միջազգային հանրության ուշադրությունը շեղելն է:
Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամը Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտման ուղիղ ապացույց է: Վերջին տարիներին Ադրբեջանը խախտել է եռակողմ հայտարարության գրեթե բոլոր դրույթները, մասնավորապես դրա 1-ին, 3-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ կետերը:
Ինչպես արդեն իսկ արձանագրվել է նաև միջազգային գործընկերների կողմից, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմամբ Ադրբեջանը խախտում է նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժն ապահովելու վերաբերյալ:
Ադրբեջանը շարունակում է խախտել նաև բանակցությունների ընթացքում ձեռքբերված բազմաթիվ պայմանավորվածություններ: Այդ թվում, ի հեճուկս 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելյան պայմանավորվածության, մինչև օրս Ադրբեջանը հստակ հայտարարություն չի արել Հայաստանի Հանրապետության 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, հրաժարվում է կյանքի կոչել Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերագործարկման մասին ձեռքբերված պայմանավորվածությունները:
Պաշտոնական Բաքուն նաև բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտում է միջազգային մեխանիզմի շրջանակներում Ստեփանակերտի հետ երկխոսությունը:
Շուրջ 8 ամիս Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակելու պայմաններում, Ադրբեջանը 3 շաբաթ արգելափակել է նաև Լաչինի միջանցքի մուտքի մոտ սպասող շուրջ 400 տոննա հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ընդգծում է, որ խաղաղության օրակարգը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի: Վերահաստատում ենք, որ ի հեճուկս բոլոր բարդությունների, երկարաժամկետ, կայուն և տևական խաղաղության հասնելու հնարավորություն կա, և Ադրբեջանին կոչ ենք անում զերծ մնալ այդ հնարավորությունը նվազեցնելուն ուղղված բոլոր քայլերից: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է խաղաղության օրակարգին և բանակցությունների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածություններին ՀՀ կառավարության հավատարմությունը և միջազգային հանրության բոլոր դերակատարներին, որոնք հետաքրքրված են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ, կոչ է անում գործի դնել իրենց տրամադրության տակ առկա ողջ գործիքակազմը՝ ադրբեջանական կողմին կառուցողական դաշտ բերելու նպատակով»: