Բաժիններ՝

Մալաթիա-Սեբաստիայում սպանության դեպքի վարույթով հետախուզում է հայտարարվել 36-ամյա տղամարդու նկատմամբ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է օգոստոսի 7-ին Ռոմանոս Մելիքյան փողոցում 39-ամյա Արսեն Հովսեփյանի սպանության և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, իրականացված քննչական և վարութային անհետաձգելի ու մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով, քննության տվյալներով, 36-ամյա տղամարդ է։

«Որոշում է կայացվել՝ վերջինիս նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է և հայտարարվել է հետախուզում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ տուժողը, ով ավելի ուշ մահացել էր, բժշկական կենտրոն էր տեղափոխվել գլխի հրազենային վիրավորում ախտորոշմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախաքննությունը շարունակվում է։ Հանցագործության հանգամանքները պարզելու, ինչպես նաև մեղադրյալին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական անհրաժեշտ միջոցառումներ:

Նշվում է, որ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են համապատասխան հանձնարարություններ:

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս