Արդարադատության նախարարությունում քննարկվել է Ադրբեջանական ԽՍՀ-ից, Նախիջևանից և ԼՂ-ից բռնագաղթած հայ փախստականների վերադարձի իրավունքի հարցը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է 1988-1992 թթ., ինչպես նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանական ԽՍՀ-ից, Նախիջևանից և Լեռնային Ղարաբաղից բռնագաղթած հայ փախստականների և բռնի տեղահանվածների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ նրանց հետ քննարկելով բռնագաղթած հայ փախստականների իրավական կարգավիճակին, վերադարձի իրավունքին առնչվող հարցեր։

Այդ մասին նշված է ՀՀ արդարադատության նախարարությունը «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառման մեջ:

Հանդիպման նպատակն էր լսել ու վերհանել կազմակերպությունների կողմից ներկայացված` փախստականների և բռնի տեղահանված անձանց իրավական խնդիրները, որոնց առերեսվում են ներկայումս։ Քննարկվել են փախստականների իրավական կարգավիճակին, բնակարանային ապահովությանը, փոխհատուցումներին, սոցիալական երաշխիքներին, ինչպես նաև փախստականների և բռնի տեղահանված անձանց վերադարձի իրավունքին առնչվող հարցեր: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես են եկել նաև իրենց կարգավիճակի լուծման ուղղությամբ տարվող գործընթացների վերաբերյալ մտահոգություններով:

Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են համապարփակ տեղեկություններ Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատների, այլ միջազգային իրավական գործընթացների, դրանց բովանդակության վերաբերյալ, ինչպես նաև ներկայացվել են այս ուղղությամբ ձեռնարկվելիք հետագա քայլերը:

ՀԿ ներկայացուցիչների կողմից հնչեցված առաջարկները հավաքագրվել են` առկա խնդիրներին Արդարադատության նախարարության լիազորությունների շրջանակում լուծումներ տալու նպատակով:

Հանդիպման ավարտին կողմերը գնահատել են տվյալ քննարկման արդյունավետությունը, ձեռք բերել պայմանավորվածություն՝ նման բնույթի հանդիպումների շարունակական լինելու և փախստականների իրավական պահանջներին հետամուտ լինելու անհրաժեշտության վերաբերյալ:

Հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը մասնակցել է նաև Արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանը, Միջազգային իրավական հարցերով գրասենյակի ներկայացուցիչներ Դիանա Քարազյանը, Արամ Արամյանը, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Թամարա Բաղդասարյանը:

Տեսանյութեր

Լրահոս