
Թուրքիայում հայտարարել են, որ Ուկրաինայի հարցով խորհրդակցությունների նոր փուլի վերաբերյալ որոշում չկա

Թուրքիայում հայտարարել են, որ Ուկրաինայի հարցով խորհրդակցությունների նոր փուլի վերաբերյալ որոշում չկա։ Այդ մասին տեղեկացնում է «Lenta.ru»-ն։
Մինչ այդ՝ խորհրդակցություններ են անցկացվել Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։
Թեև դեռ հստակ որոշում չկա այն մասին՝ արդյոք Անկարան հոկտեմբերին հանդիպում կանցկացնի, թե՞ ոչ, այդուհանդերձ, թուրքական մայրաքաղաքը պատրաստ է միջնորդ լինել կայուն հրադադարի և հակամարտության կարգավորման գործում:
Ջիդդայում կայացած բանակցություններում Սաուդյան Արաբիայի իշխանությունները ներկայացրել են ուկրաինական հակամարտության կարգավորման այլընտրանքային ծրագիր։ Այն ներառում է Ուկրաինայի ամբողջականության պահպանումը, հրադադարի հաստատում բոլոր ճակատներում, ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղ բանակցությունների սկիզբ, ինչպես նաև՝ գերիների փոխանակում։
Խորհրդակցություններին մասնակցել են շուրջ 40 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Չինաստանից, Հնդկաստանից, Հարավային Աֆրիկայից և Բրազիլիայից: