
Հավայան կղզիներում հրդեհների զոհերի թիվն աճում է

Հավայան կղզիներում հրդեհների զոհերի թիվը հասել է 80-ի։ Ինչպես տեղեկացնում է «Ռիո Նովոստի»-ին, այդ մասին հայտնել են Մաուի շրջանի պաշտոնյաները:
Ավելի վաղ հաղորդվում էր 67 մարդու մահվան մասին։ Զոհերի թվի վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրված է շրջանային իշխանության պաշտոնական կայքում։
Մաուի շրջանում և Մեծ կղզիներում անտառային հրդեհները սկսվել են չոր և շոգ եղանակի պատճառով և սրվում են «Դորա» փոթորկի բերած ուժեղ քամիների պատճառով: Որոշ հրդեհներ ընդգրկել են 400 հա տարածք։ Հրդեհն ահռելի վնասներ է հասցրել մի քանի բնակավայրերի, այդ թվում՝ հայտնի զբոսաշրջային Լահայնա քաղաքին։ Իշխանությունները ստիպված են փակել ճանապարհները, հասարակական տրանսպորտը չի աշխատում։ Տեղի հարյուրավոր բնակիչներ տարհանվել են։
Նախագահ Ջո Բայդենը հրամայել է Հավայան կղզիների բոլոր դաշնային գործակալություններին, այդ թվում՝ զինվորականներին, միանալ հրդեհների դեմ պայքարին։ Պենտագոնն ավելի վաղ հայտնել էր, որ Ազգային գվարդիայի զինվորներն ու ուղղաթիռները ներգրավված են տեղական իշխանություններին օգնելու գործում: