Ձերբակալվել է Երևանի «Մերգելյան» պուրակում կատարված սպանության համար կասկածվող անձը
Ձերբակալվել է օգոստոսի 10-ին Երևանի «Մերգելյան» պուրակում կատարված սպանության համար կասկածվող անձը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:
«2023 թվականի օգոստոսի 10-ին, ուշ երեկոյան, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Մերգելյան պուրակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի արդյունքում տղամարդ է վիրավորվել, ով օգնության կարիք ունի կամ մահացել է:
2023թ․ օգոստոսի 11-ին, ժամը 00:28-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել 1986թ․ ծնված Արմեն Հակոբյանի դին՝ կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքով։
Հաղորդման առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նույն օրը սպանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով դեպքի վայրից ձերբակալվել է 1998թ․ ծնված Դ․ Գ․-ն։
Վերջինս հայտնել է, որ վիճաբանության ընթացքում դանակով մեկ անգամ հարվածել է Արմեն Հակոբյանին՝ ներկայացնելով դանակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ նշանակվել են դատագենետիկական, դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
Նշվում է, որ նախաքննությունը շարունակվում է, կատարվում են դեպքի հանգամանքները լիարժեք պարզելուն ուղղված վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։
Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: