Վահան Կոստանյանը Լատվիայի գործընկերոջը ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը օգոստոսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի ԱԳՆ պետքարտուղար Անդրիս Պելշսի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳ նախարարությունից, Կոստանյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամն ու դրա կործանարար հետևանքները ԼՂ 120 հազար բնակչության համար:

Նախարարի տեղակալն ընդգծել է հատկապես խոցելի խմբերի՝ հղի կանանց, տարեցների, առողջական լուրջ խնդիրներ ունեցող քաղաքացիների կյանքի ու ապրելու իրավունքը ոտնահարող ծանրագույն իրավիճակը:

Վահան Կոստանյանը նշել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը շարունակում է խախտել Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման վերաբերյալ փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները, ինչն ի ցույց է դնում ԼՂ բնակչության էթնիկ զտում իրականացնելու Ադրբեջանի իրական նկրտումները: Ընդգծվել է միջազգային գործընկերների կողմից հստակ քայլերի իրականացմամբ հումանիտար ճգնաժամը անհապաղ կանխելու կենսական հրամայականը:

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Լատվիա երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված առավել գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությանը

Տեսանյութեր

Լրահոս