Բաժիններ՝

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակիցը 8 տարի առանց աշխատանքային պարտականությունները կատարելու՝ վարձատրվել է. Դատախազություն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի աշխատակիցը 8 տարի առանց աշխատանքային պարտականությունները կատարելու՝ վարձատրվել է։ Այս մասին տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից:

«Ա.Հ.-ն, զբաղեցնելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲ ընկերության պաթանատոմիական բաժանմունքի կրտսեր բուժաշխատողի հաստիքը, 2010-2018 թվականների ընթացքում բժշկական կենտրոնից մի խումբ անձանց օժանդակությամբ խաբեությամբ հափշտակել է 12 մլն 282 հազար 329 դրամ:

Քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Հ.-ն, աշխատանքային պարտականությունները չկատարելու և վարձատրություն ստանալու մտադրությամբ, առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2010 թվականի հուլիսի 26-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲԸ տնօրեն Ա.Մ.-ի հետ կնքել է աշխատանքային պայմանագիր և նշանակվել բժշկական կենտրոնի պաթանատոմիական բաժանմունքում՝ որպես կրտսեր բուժաշխատող և մինչև 2018 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ստացել է աշխատավարձ՝ չկատարելով աշխատանքային պարտականությունները:

Մասնավորապես, պաթանատոմիական բաժանմունքի վարիչ Ա.Բ.-ն, նախնական համաձայնության է եկել իրեն ժամանակավորապես փոխարինած Մ.Բ.-ի, Մ.Ս.-ի, ավագ բուժքրոջ հաստիքը զբաղեցրած Ա.Ա.-ի, վերջինիս փոխարինած բուժաշխատողներ Ա.Մ.-ի և Լ.Գ.-ի հետ և աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում լրացրել կեղծ տեղեկություններ՝ Ա.Հ.-ի՝ 2010 թվականի հուլիսի 26-ից մինչև 2018 թվականի օգոստոսի 1-ն աշխատանքի հաճախելու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դատախազը 2023 թվականի օգոստոսի 7-ի որոշումներով հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Հ.-ի նկատմամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս