
Իսպանիայում եղանակային նախազգուշացում է հայտարարվել 45 աստիճան տապի պատճառով

Իսպանիայի Պետական օդերևութաբանական գործակալությունն արտակարգ շոգի պատճառով անբարենպաստ եղանակի մասին նախազգուշացում է հայտարարել երկրի շատ տարածաշրջաններում։ Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:
Գերատեսչությունը նահանգների մեծ մասում տագնապի աստիճանը բարձրացել է մինչև դեղին (վտանգավորության) և նարնջագույն (բարձր վտանգավորության) մակարդակի: Բացի այդ, Վալենսիայի և Մուրսիայի ինքնավար համայնքներում հայտարարվել է առավելագույն՝ կարմիր (արտակարգ վտանգավորության) մակարդակ:
Կանխատեսումների համաձայն՝ օդի ջերմաստիճանը կարող է գերազանցել 45 աստիճանը։ Անբարենպաստ եղանակի մասին նախազգուշացում է հայտարարվել առաջիկա մի քանի օրվա համար։ Մադրիդում ջերմաչափի սնդիկի սյունը կարող է բարձրանալ մինչև 37 աստիճան։
Արտակարգ շոգի պատճառով երկրում նաև նախազգուշացում է հայտարարվել անտառային հրդեհների առաջացման շատ բարձր ռիսկի մասին։
Իսպանիայում ջերմաստիճանային ռեկորդ էր արձանագրվել 2021 թվականին, երբ օգոստոսին երկրի հարավում գտնվող Լա Ռամբլա բնակավայրում ջերմաստիճանը հասել էր 47,6 աստիճանի: