
ԱՄՆ-ն ընդլայնել է Բելառուսի դեմ պատժամիջոցները

Միացյալ Նահանգներն իր պատժամիջոցների ցանկում է ավելացրել Բելառուսի Հանրապետության Պետական վերահսկողական կոմիտեի ֆինանսական հետաքննությունների դեպարտամենտն ու նրա ղեկավարությունը։ Հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
Ցուցակում ներառվել են նաև դրա ղեկավար Իգոր Մարշալովը, նրա երկու տեղակալները՝ Վիկտոր Սելիցկին և Վիկտոր Ֆրանկևիչը:
Բելառուսի դեմ ԱՄՆ պատժամիջոցների ռեժիմը նախաձեռնվել է 2006 թվականին՝ նախագահ Ջորջ Բուշի հրամանագրով։
Այդ ժամանակից ի վեր ԱՄՆ-ն և ԵՄ-ն հետևողականորեն ընդլայնում են պատժամիջոցների ճնշումը Մինսկի վրա։
Այս շաբաթվա սկզբին Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել բելառուսական վեց ձեռնարկությունների, այդ թվում՝ օպտիկաէլեկտրոնային ու ռադիոէլեկտրոնային արտադրության գործարանների և Օրշայի ինքնաթիռների վերանորոգման գործարանի դեմ: