Հայաստանի հավաքականն ԱՊՀ երկրորդ խաղերում 6 մեդալ ունի
Հայաստանի ընտրանին ԱՊՀ երկրորդ խաղերում այս պահի դրությամբ նվաճել է 6 մեդալ: Բելառուսի 10 քաղաքներում ընթացող ԱՊՀ երկրորդ խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը մնում է Ռուսաստանի Դաշնության թիմը: Նրանք ընդհանուր առմամբ ունեն 153 մեդալ, որոնցից 77-ը ոսկե: Երկրորդ տեղում 122 ընդհանուր մեդալով Բելառուսն է, որոնցից 27-ը ոսկե մեդալներ են, իսկ եռյակը 48 մեդալով եզրափակում է Ուզբեկստանը (9 ոսկե մեդալ):
Հայաստանի ընտրանին 5-րդն է ընդհանուր 6 մեդալով:
Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալակիր է դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը, արծաթ ունի հրաձիգ Նարե Գաբրիելյանը և բրոնզ են նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Սամվել Գրիգորյանը և ազատ ոճայիններ Նորիկ Հարությունյանը, Ազատ Կարապետյանը և Սերգեյ Սարգսյանը:
Բելառուսի Հանրապետությունում անցկացվում են ԱՊՀ 2-րդ խաղերը, որին Հայաստանը մասնակցում է մեծաթիվ պատվիրակությամբ: 140-ից ավելի պատանի և երիտասարդ մարզիկներ Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ձյուդո, կարատե, ատլետիկա, լող, ծովափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն, հրաձգություն, խոտի հոկեյ, մարմնամարզություն և վոլեյբոլ մարզաձևերում: ԱՊՀ 2-րդ խաղերն անցկացվում են Բելառուսի տարբեր շրջանների 11 քաղաքում։ Նոր ձևաչափի նպատակն է ընդլայնել մրցաշարի աշխարհագրությունը և սպորտի մասսայականացումը երկրի տարբեր հատվածներում: Մասնավորապես, մրցումները կանցկացվեն Մինսկ, Բորիսով, Բրեստ, Վիտեբսկ, Գոմել, Գրոդնո, Ժլոբին, Մոգիլյով, Մոլոդեչնո, Օրշա և Սոլիգորսկ քաղաքներում։ 23 երկրի շուրջ 5 հազար մարզիկներ իրենց ուժերն են չափում ընդհանուր առմամբ 20 մարզաձևում: Խաղերի փակման արարողությունը նախատեսված է օգոստոսի 13-ին: