Միջազգային հանրությունը չի կարող շարունակել հայացքը թեքել, երբ ԼՂ-ում մարդիկ սովամահ են լինում․ իրավապաշտպան Էվելինա Օչաբի հոդվածը՝ Forbes- ում

Իրավապաշտպան Էվելինա Օչաբը, որի գործունության հիմնական ուղղություններից է աշխարհի տարբեր երկրներում ազգային փոքրամասնությունների նկատմամբ հետապնդումները, Forbes-ում հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։

Իր հոդվածում իրավապաշտպանը մեջբերել է ՄԱԿ-ի փորձագետների՝ օգոստոսի 7-ի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով վերջին յոթ ամիսների ընթացքում արգելափակված է մնում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ինչի հետևանքով բնակչությունը բախվել է սննդամթերքի, պարենի, բժշկական և հիգիենայի պարագաների կտրուկ պակասի հետ:

Օչաբը իր հոդվածում հիշեցրել է Լաչինի միջանցքով մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժն ապահովելու վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները՝ արձանագրելով, որ Ադրբեջանը չի կատարել որոշումները, քանի որ Լաչինի միջանցքը շարունակում է արգելափակված մնալ։

Իրավապաշտպանը նաև անդրադարձել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Օկամպոյի զեկույցին, որում վերջինս արձանագրել է, որ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում։

«Լեռնային Ղարաբաղում ծանր վիճակի մասին հաղորդագրությունները վերջապես պետք է լուրջ ընդունվեն և գործողություններ ձեռնարկվեն։ Քանի որ Լեռնային Ղարաբաղում մարդիկ սովամահ են լինում, միջազգային հանրությունը չի կարող շարունակել հայացքը թեքել, ինչպես եղել է վերջին 8 ամիսների ընթացքում։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը հրատապ օգնության կարիք ունի՝ առանց հավելյալ արդարացումների»,- գրել է Էվելինա Օչաբը։

Տեսանյութեր

Լրահոս