
Հարավային Կորեայում 2018-ից ի վեր շոգից մահվան ռեկորդային դեպքեր են գրանցվել

Կորեայի Հանրապետությունում առնվազն 27 մարդ է մահացել շոգերի պատճառով, ինչը ռեկորդային ցուցանիշ է 2018 թվականից ի վեր։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, համապատասխան տեղեկությունը տարածել է Կորեայի Հանրապետության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման վարչությունը։
Իշխանությունների տվյալներով՝ մայիսի վերջից մինչև օգոստոսի 8-ը 27 մարդ է մահացել շոգ եղանակի հետ կապված հիվանդություններից։ 2018 թվականին նույն պատճառներով մահացել էր 48 մարդ։
Մայիսի 20-ից մինչև օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում շոգի պատճառով հիվանդանոցներում է հայտնվել 2 085 մարդ, ինչը նույնպես ամենաբարձր ցուցանիշն է 2018 թվականից ի վեր։ Հիվանդների շուրջ 31%-ը 65 տարեկանից բարձր քաղաքացիներ են։ Օգոստոսի 8-ին Կորեայի Հանրապետությունում օդի առավելագույն ջերմաստիճանը հասել է Ցելսիուսի սանդղակով 38 աստիճանի: