Արարատ Միրզոյանը հույն գործընկերոջն է ներկայացրել ԼՂ-ում ահագնացող հումանիտար ճգնաժամը
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը օգոստոսի 9-ին հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը՝ նշելով ԵՄ անդամ երկրների կողմից հստակ ուղերձների և այդ ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման կարևորությունը:
Արարատ Միրզոյանը շեշտել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, ինչի հետևանքով խիստ սրվել է տեղի բնակչության համար սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման խնդիրը:
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանն, ի խախտումն միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերի, խաթարում է նաև ԼՂ մուտք ունեցող միակ միջազգային հումանիտար կազմակերպության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հումանիտար գործունեությունը՝ վտանգի տակ դնելով հրատապ բժշկական աջակցության կարիք ունեցող անձանց կյանքերը: Նա հավելել է, որ բուժման նպատակով ԿԽՄԿ ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխման նվազագույն հնարավորության պարագայում Ադրբեջանն իրականացնում է ահաբեկման այնպիսի քայլեր, ինչպիսին էր հուլիսի 29-ին ԼՂ բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգումը ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից:
Շեշտվել է Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման կարևորությունը։
Երկուստեք նաև պատրաստակամություն է արտահայտվել քայլեր իրականացնել Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ գործընկերության հետագա ընդլայնման ուղղությամբ: