
Սերգիև Պոսադում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 52-ի. հարուցվել է քրեական գործ

Մոսկվայի Մարզի Սերգիև Պոսադ քաղաքի օպտիկամեխանիկական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 52 մարդ է տուժել։ Վերակենդանացման բաժանմունքում է գտնվում 6 մարդ, որոնցից 5-ի մոտ մարմնի 100 %-ի այրվածքներ են։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը։
Պայթյունը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով առավոտյան 10:40-ին։ Մարզի ղեկավար Անդրեյ Վորոբյովի տվյալներով՝ արտակարգ պատահարը տեղի է ունեցել հրատեխնիկայի պահեստում, որը վարձակալել է մասնավոր ընկերությունը Զագորսկի օպտիկամեխանիկական գործարանի տարածքում։
Մերձակայքում գտնվող մարզական համալիրում և 20 բազմաբնակարան շենքերում, 2 դպրոցներում ու քոլեջում պատուհանները կոտրվել են, վնասվել է կաթսայատունը, դադարեցվել է սպառողների տաք ջրի մատակարարումը։ 50 քառ. մ մակերեսով բռնկված հրդեհը չեզոքացվել է։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Փլատակներում դեռ կարող է գտնվել հինգ մարդ։
Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ արդյունաբերական անվտանգության պահանջների խախտման փաստով։
«Սերգիև Պոսադի քաղաքային օկրուգում քրեական գործ է հարուցվել… վտանգավոր արտադրական օբյեկտների արդյունաբերական անվտանգության պահանջները խախտելու փաստով, որի հետևանքով բռնկում է տեղի ունեցել հրատեխնիկայի պահեստում (ՌԴ Քրեական օրենսգրքի 217-րդ հոդված)», – հաղորդվում է ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի գլխավոր վարչության Telegram ալիքում։