Բաժիններ՝

Իտալիայի հարավում 40-ից ավելի միգրանտ է զոհվել նավաբեկության հետևանքով

Սիցիլիայի նեղուցի շրջանում նավաբեկության ժամանակ առնվազն 41 միգրանտ է զոհվել։ Այս մասին հաղորդում է ANSA գործակալությունը։

Նավը Թունիսից մեկնել է օգոստոսի 3-ին, նրանում եղել է 45 մարդ։ Միջադեպի մասին պատմել են չորս ողջ մնացածները՝ 3տղամարդ և 1 կին, որոնց փրկել է Rimona նավը։ Առափնյա պահպանության պարեկային նավակով ողջ մնացած միգրանտներին տեղափոխել են Լամպեդուզա կղզի։

Փետրվարին մի այլ խոշոր ողբերգություն էր տեղի ունեցել Իտալիայի ափերի մոտ. Կալաբրիայի մարզի Կրոտոնե քաղաքի մերձակայքում՝ ափից 100 մետր հեռավորության վրա, նավաբեկության հետևանքով զոհվել էր ավելի քան 90 մարդ, այդ թվում՝ բազմաթիվ երեխաներ։

Իտալիայի ներկայիս կառավարությունը նպատակ է դրել կասեցնել միգրանտների անօրինական հոսքը։ Միայն տարեսկզբից ծովով երկիր է ժամանել ավելի քան 90 հազար մարդ։ Նախարարների կաբինետն, ի թիվս այլ բաների, խստացրել է մարդկանց ապօրինի տեղափոխողների դեմ պայքարի և պատժի միջոցները։ Վարչապետ Ջորջա Մելոնին բազմիցս նշել է, որ կարևոր է թույլ չտալ, որ ներգաղթյալներով նավակները ճանապարհ ընկնեն Միջերկրական ծովով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս