
Չինաստանն ուղեծիր է դուրս բերել արբանյակ՝ շրջակա միջավայրի մոնիթորինգի համար

Չինական «Չանչժեն-2C» կրող հրթիռը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել «Հուանցզին Ցզյանցայ-2-06» ռադիոտեղորոշիչ արբանյակը՝ շրջակա միջավայրի մոնիթորինգի և արտակարգ իրավիճակների մասին նախազգուշացման համար։ Այս մասին հաղորդել է Չինաստանի օդատիեզերական գիտատեխնիկական կորպորացիան (CASC):
«Հրթիռի արձակումն իրականացվել է Պեկինի ժամանակով ժամը 06:53-ին Տայյուան տիեզերակայանի մեկնարկային հարթակից։ Այն մտել է նախատեսված ուղեծիր», – նշված է հաղորդագրությունում։
Ուղեծիր դուրս բերված սարքը զինված է այնպիսի տեխնոլոգիաներով, որոնք թույլ են տալիս բարձր լուծաչափով նկարահանումներ անել բոլոր եղանակային պայմաններում:
Իր հերթին «Интерфакс» գործակալությունը հաղորդում է, որ արբանյակով ստացված լուսանկարները կօգտագործվեն Չինաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից՝ բնական աղետները կանխելու և դրանց հետևանքները վերացնելու համար, ինչպես նաև բնապահպանության և շրջակա միջավայրի նախարարության կողմից` շրջակա միջավայրի պաշտպանության, գյուղատնտեսության, բնական ռեսուրսների հետախուզման և անտառամշակման բնագավառներում: