ԱՄՆ-ում հայտնել են, որ Ուկրաինային ռազմամթերքի մատակարարումները վտանգ չեն ստեղծի ազգային անվտանգության համար
Ամերիկացի զինվորականներն Ուկրաինային ռազմամթերք մատակարարելիս թույլ չեն տա ԱՄՆ-ի պաշարների այնպիսի կրճատում, որի դեպքում երկրի անվտանգության սպառնալիք կառաջանա։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Մարկ Միլլին The Washington Times-ին տված հարցազրույցում։
Այսպես է Միլլին արձագանքել ԱՄՆ-ում բազմիցս հնչող այն մտավախություններին, թե Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների ընթացքում Կիևին զենքի լայնածավալ մատակարարումները կարող են վտանգի տակ դնել երկիրը։
«ԱՄՆ-ի զենքի պաշարները չեն իջնի «ռիսկի ընդունելի մակարդակից»՝ չնայած դեպի Ուկրաինա զինամթերքի մշտական հոսքին», – ասել է Միլլին։
Ըստ Միլլիի՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հրահանգել է ռազմամթերքի ոչ մի կատեգորիայի գծով «չիջնել այն մակարդակից, որն ընդունելի է ռիսկի առկայության տեսակետից»:
Միլլին Washington Times-ին նաև հայտնել է, որ Պենտագոնն ակտիվորեն փոխգործակցում է պաշտպանական-արդյունաբերական համալիրի ընկերությունների հետ՝ ռազմամթերքի ծավալի հնարավորինս շուտ համալրման համար։
Հրատարակությունը նշում է, որ ԱՄՆ-ում մտադիր են 2024 թվականին հրետանային արկերի արտադրության ծավաներն ավելացնել՝ հասցնելով ամսական մինչև 80 հազարի: