Բաժիններ՝

Հակահրդեհային միջոցառումների շրջանակում այս օրերին անտառային տարածքներում կսահմանվի ուժեղացված հսկողություն

Հանրապետությունում օդի ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` բնության հատուկ պահպանվող, ինչպես նաև անտառային տարածքներում ուժեղացվելու է հսկողությունը, ակտիվացվելու են հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումները։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը տեղեկացրեց, որ տարվա ընթացքում նույնպես կանխարգելիչ միջացոռւմներ իրականացնում են, սակայն այս օրերին, երբ, պայմանավորված օդի ջերմաստիճանի բարձրացմամբ, հրդեհների ռիսկը մեծ է, առավել ակտիվացնում են աշխատանքը։

«Մասնավորապես գործիքակազմը բերվում է պատրաստի վիճակի, աշխատակիցներին տրամադրվում է անձեռնմխելի վառելիքի պաշար, որն ըստ անհրաժեշտության այդ միջոցառումների շրջանակում կօգտագործվի։ Այնուհետև խստացվում է հերթապահությունը։ Նաև Փրկարար ծառայության աշխատակիցների հետ աշխատում ենք հանրությանն իրազեկելու ուղղությամբ։ Փորձում ենք բացատրել, որ այս բարձր ջերմաստիճանի պայմաններում զերծ մնան կրակի հետ գործ ունենալուց, հանգստի գոտիներում լինեն զգոն, հետևեն հակահրդեհային կանոններին»,-ասաց Սևակ Մարկոսյանը։

Ներկայացնելով հրդեհների դեպքերի վիճակագրությունը՝ Սևակ Մարկոսյանը նշեց, որ 2023 թվականի առաջին 7 ամիսներին` 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ, մեծ շեղումներ չեն եղել։ Նախորդ տարի նշված ժամանակահատվածում գրանցվել է հրդեհի 8 դեպք, այս տարի 9-ը։ Այս տարի գրանցված հրդեհների հետևանքով 16,7 հա անտառային տարածք է վնասվել։

Օգոստոսին արդեն հրդեհի 2 դեպք է գրանցվել։ Մեկը Սևան-Երևան մայրուղու վրա գտնվող Ծաղկաձորի անտառտնտեսության հատվածում է, վնասվել է մոտ 2 հա անտառային տարածք՝ ներառելով 90 տարբեր տեսակի ծառեր։ Երկրորդ դեպքը Վայոց ձորի մարզում էր, հրդեհը հասել էր անտառային տարածք համայնքային հատվածից։ Տարածման պատճառը եղել է քամին։ Բարեբախտաբար, հնարավոր է եղել կանխել կրակի մուտքը անտառային տարածք։

«Կարևոր է տարածքի դիրքը, կլիման։ Քամու ուժեղ տարածման պարագայում մեծ է վտանգն անտառային տարածքներ կրակի ներթափանցման առումով։ Պետք է զգոն լինել, ցանկացած անզգույշ քայլ կարող է անկառավարելի իրավիճակ ստեղծել։ Ասեմ, որ լինում են դեպքեր, երբ բնակիչներն են օգնության հասնում, ինչի համար շնորհակալ ենք»,-ասաց Սևակ Մարկոսյանը։

Կա խնդիր նաև դժվարամատչելի վայրերում, որտեղ հրշեջ-մեքենաները չեն կարողանում բարձրանալ։ Առաջարկվել է ամբարված ջրի պաշարներ ունենալ նման տարածքներում, որպեսզի հրշեջները սրսկիչների օգնությամբ կարճ ժամանակում փորձեն հանգցնել կրակը։ Գործընթացը սկսվել է Խոսրովի անտառում, առաջիկայում այլ հատվածներում ևս կշարունակվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031