Հնդկական Chandrayaan-3 տիեզերանավը Երկիր է ուղարկել Լուսնի առաջին լուսանկարները
Հնդկաստանի տիեզերքի հետազոտությունների կազմակերպությունը (ISRO) հրապարակել է Լուսնի առաջին լուսանկարներն՝ արված Chandrayan-3 տիեզերանավի կողմից, որը Հնդկաստանի երրորդ անօդաչու լուսնային առաքելությունն է։ Այս մասին հաղորդում է NDTV պարբերականը։
Խառնարաններով ծածկված Լուսնի մակերեսի լուսանկարներն արվել են, երբ տիեզերանավը օգոստոսի 5-ին մտել է Լուսնի ուղեծիր։
«Առաքելությունն առայժմ հարթ է ընթանում, և ISRO-ն ակնկալում է, որ «Վիկրամ» վայրէջք կատարող մոդուլը Լուսնի մակերևույթին փափուկ վայրէջք կկատարի օգոստոսի 23-ին», – նշված է հրապարակման մեջ։
Հաջողության հասնելու դեպքում Հնդկաստանը կդառնա առաջին երկիրը, որը Լուսնի հարավային բևեռում կկատարի կառավարվող փափուկ վայրէջք։
Իսկ ընդհանրապես Լուսնի մակերևույթին փափուկ վայրէջք մինչ այս կատարել են ԱՄՆ-ն, նախկին ԽՍՀՄ-ն և Չինաստանը։