Բաժիններ՝

Կարճաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրենի և հաշվապահի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Կարճաղբյուր բնակավայրի «Ա.Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց»-ի տնօրենը, 2016-2019 թվականներին ունենալով կազմված աշխատավարձերի բաշխման վերաբերյալ փաստաթղթերի իսկությունը ստուգելու և դրանից հետո միայն հաստատելու, հսկելու պարտականություն, առանց օրենսդրական հիմքերի, աշխատավարձերի վճարման գանձապետական համակարգից օգտվելու կանոնները չիմանալու պատճառաբանությամբ, իր փոխարեն նշված գործողությունների կատարումը վստահել է դպրոցի հաշվապահին՝ վերջինիս տրամադրելով իր նույնականացման քարտը, աշխատավարձերի վճարման գանձապետական համակարգ մուտք գործելու համար նախատեսված իր մուտքանուն-գաղտնաբառը։

Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, հաշվապահն աշխատավարձերի բաշխման վերաբերյալ փաստաթղթերում ներառել է դպրոցի աշխատակից չհանդիսացող, Երևան քաղաքի բնակիչ 2 անձանց տվյալները, նրանց անվամբ ելքագրել 28.526.400 ՀՀ դրամ գումար ու հափշտակել՝ ՊՈԱ կազմակերպությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա դպրոցի տնօրենին մեղադրանք է ներկայացվել: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը: Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:

Դպրոցին պատճառված վնասից 1 մլն. դրամը նախաքննության ընթացքում վերականգնվել է:

Դպրոցի հաշվապահի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Այս մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Պատճառված վնասի վերականգնման իրավական երաշխիքներ ապահովելու նպատակով վերջինիս գույքի նկատմամբ կիրառվել է կալանք։

Ծանուցում. hանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս