ԵՄ-ն, Իսլանդիան և Նորվեգիան լիովին վերացրել են Ճապոնիայից սննդամթերքի ներմուծման սահմանափակումները
Եվրամիությունը, Իսլանդիան և Նորվեգիան օգոստոսի 3-ից վերացրել են Ճապոնիայից մթերքի ներմուծման սահմանափակումները, որոնք սահմանվել էին 2011 թվականին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո։
«Օգոստոսի 3-ին ուժի մեջ է մտել Եվրամիության կողմից ճապոնական սննդամթերքի ներմուծումը սահմանափակող միջոցների վերացման որոշումը: Այդ միջոցները սահմանվել էին 2011 թվականին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում վթարից հետո․․․ Նորվեգիան և Իսլանդիան նույնպես օգոստոսի 3-ին վերացրել են համանման սահմանափակումներն իրենց ներքին ընթացակարգերն ավարտելուց հետո», – ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ճապոնիայի կառավարությունը ողջունել է ԵՄ-ի և նշված երկրների կողմից սահմանափակումների վերացումը՝ նշելով, որ դա կնպաստի երկրաշարժից և ցունամիից տուժած շրջանների վերականգնմանը։
Ըստ ճապոնական Nippon պարբերականի՝ օգոստոսի 3-ից ԵՄ, Նորվեգիա և Իսլանդիա ժամանող բեռներին այլևս հարկավոր չի լինի կցել ճառագայթման հետ կապված հետազոտությունների սերտիֆիկատներ, իսկ վայրի սնկերի և որոշ ծովամթերքների դեպքում՝ նաև ծագման վայրը հաստատող սերտիֆիկատներ։
Ատոմակայանի վթարից հետո Ճապոնիայից սննդի ներմուծման սահմանափակումներ էր սահմանել 55 երկիր և տարածք։ Այս որոշման արդյունքում դրանց թիվը կրճատվեց՝ հասնելով 9-ի։
«Ֆուկուսիմա-1» ատոմակայանում վթարը տեղի է ունեցել հուժկու ցունամիից հետո, որը շարքից հանել է էլեկտրամատակարարման և հովացման համակարգերը։ Տեղի են ունեցել մեծ ծավալի ռադիոակտիվ նյութերի արտանետումներ, ինչը հանգեցրել է կայանի հարակից շրջանների ռադիոակտիվ վարակման։ Ատոմակայանի ամբողջական ապամոնտաժումը նախատեսվում է ավարտել մինչև 2050 թվականը: