Արցախի բնակիչը մոլորվել ու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք է անցել ոգելից խմիչքի ազդեցության տակ. Արցախի ԱԱԾ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է հայտնել Ադրբեջանի կողմից Արցախի բնակչի ձերբակալության վերաբերյալ։

Արցախի ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Արցախի Հանրապետության քաղաքացի, 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը, վերջին օրերին գտնվելով Շուշիի շրջանի Հին Շեն համայնքում, օգոստոսի 1-ին ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս է եկել գյուղից, մոլորվել և հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում ու ձերբակալվել Ադրբեջանի կողմից:

Դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար Արցախի ԱԱԾ-ի կողմից իրականացվում են համապատասխան ստուգումներ։

Արցախի իշխանությունները միջադեպի մասին տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ ուժերին։

Օգոստոսի 1-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնել էր Հայաստանի քաղաքացու ձերբակալելու մասին։ Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ քաղաքացին ձերբակալվել էր Աղավնո գյուղի հատվածում սահմանը խախտելու պահին։ Ավելի ուշ հաղորդագրություն տարածեց Արցախի տեղեկատվական շտաբը՝ հայտնելով, որ ձերբակալված քաղաքացին Շուշիի բնակիչ է, ով տեղահանվել է 44-օրյա պատերազմից հետո, վերջին օրերին գտնվել է Շուշիի շրջանի Հին Շեն համայնքում, իսկ օգոստոսի 1-ին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում է հայտնվել մոլորվելու հետևանքով։

Տեսանյութեր

Լրահոս