Վրաստանը մեկ տարում շուրջ 1 մլրդ դոլար կկորցնի առանց ռուս զբոսաշրջիկների. Կոբախիձե
Վրաստանի տնտեսությունը տարեկան մինչև մեկ միլիարդ դոլար կկորցնի Ռուսաստանից զբոսաշրջիկների մուտքի լիակատար արգելքի դեպքում: Այս մասին հայտարարել է երկրում իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն։
«Դուք տեսե՞լ եք հայտարարություններն այն մասին, որ ռուս զբոսաշրջիկներն ընդհանրապես չպետք է ժամանեն այստեղ։ Չգիտեմ՝ որևէ մեկը համաձա՞յն է սրա հետ: Վստահ եմ՝ ոչ ոք համաձայն չէ սրա հետ։ Օրինակ՝ եթե ռուս զբոսաշրջիկները չգան Վրաստան, ապա մեկ տարում երկիրը կկորցնի շուրջ 1 միլիարդ դոլար, երբ մեր տնտեսությունը կազմում է 30 միլիարդ դոլար: Դա նշանակում է, որ կկորցնենք 20-30 հազար աշխատատեղ», – Կոբախիձեի խոսքերն է մեջբերում Sputnik գործակալության վրացական ծառայությունը։
Հուլիսի 27-ին վրացական ընդդիմությունն ակցիա էր կազմակերպել Բաթումիի նավահանգստի մերձակայքում՝ դժգոհություն հայտնելով ռուսաստանցիների տեղափոխող Astoria Grande նավի մուտքից։ Astoria Grande-ն երկրորդ անգամ Բաթումիի նավահանգիստ էր մուտք գործել հուլիսի 31-ին: Այս անգամ ևս ցույց էր կազմակերպել
Ընդդիմությունը նավի մուտքը համարում է միջազգային պատժամիջոցների շրջանցում, թեև իշխանությունները հայտարարել են, որ նավը, որն ընթանում է Պալաուի դրոշի ներքո, սահմանափակումների ենթակա չէ։ Sputnik-ը նշում է, որ Վրաստանի իշխանությունները տեղի ունեցած միջադեպերն անվանում են ընդդիմադիրների կողմից մտածված սադրանք: