Բաժիններ՝

ԱՄՆ իշխանությունները և թալիբները Կատարում քննարկել են տնտեսությանը, մարդու իրավունքներին ու թմրանյութերին առնչվող թեմաներ

ԱՄՆ իշխանությունները և Աֆղանստանում իշխող «Թալիբան» իսլամական արմատական ​​շարժման ներկայացուցիչները հավաքվել են Կատարի մայրաքաղաք Դոհայում`երկօրյա բանակցություններ անցկացնելու։ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է, որ Վաշինգտոնը բաց է թալիբների հետ տնտեսական կայունության և թմրավաճառների դեմ պայքարի շուրջ հետագա տեխնիկական բանակցությունների համար։

Պետքարտուղարությունը գովեստի խոսքեր է ասել Աֆղանստանում ֆինանսական իրավիճակի բարելավման մասին, ներառյալ՝ գնաճի նվազման, ինչպես նաև ափիոնի կակաչի աճեցման կրճատման մասին՝ 2022 թ.-ին սահմանված արգելքի շրջանակներում, և պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը թմրանյութերի դեմ պայքարի գործում։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել Աֆղանստանում մարդու իրավունքների հետ կապված իրադրության վատթարացման կապակցությամբ և կրկին կոչ է արել թալիբներին՝ վերացնել աղջիկների միջնակարգ կրթություն ստանալու արգելքը, թույլ տալ կանանց՝ զբաղվելու մասնագիտական գործունեությամբ և ազատ արձակել կալանքի տակ գտնվող ամերիկացիներին։

Ինչպես նշում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով Քաբուլի կառավարությանը, թալիբներն իրենց հերթին կոչ են արել չեղարկել «Թալիբան»-ի առաջնորդների համար տեղաշարժման արգելքն ու մյուս սահմանափակումները և վերադարձնել Աֆղանստանի Կենտրոնական բանկի օտարերկրյա ակտիվները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս