Բաժիններ՝

Իրանի արտգործնախարարն առաջարկել է խզել հարաբերությունները Ղուրանի պղծումը թույլ տված երկրների հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրներին առաջարկել է խզել դիվանագիտական ​​հարաբերություններն այն պետությունների հետ, որոնցում կրկնվում են Ղուրանի պղծման ակցիաները։ Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

«Առաջարկել եմ միջազգային քրեական պատասխանատվություն սահմանել այդ գործողությունների համար, ԻՀԿ-ի պատվիրակություններ ուղարկել այդ երկու երկրներ (խմբ․՝ Շվեդիա և Դանիա), խստորեն պատժել մեղավորներին, իսկ (ակցիաները) կրկնվելու դեպքում՝ իջեցնել դիվանագիտական ​​հարաբերությունների (մակարդակը) կամ խզել դրանք, սահմանել ապրանքների գնման էմբարգո», – գրել է նախարարը Twitter-ում։

Հուլիսի 31-ին առցանց ձևաչափով կայացել է ԻՀԿ-ի երկրների արտգործնախարարների խորհրդի արտահերթ նիստ՝ նվիրված Շվեդիայում և Դանիայում Ղուրանի այրման ակցիաներին։ Նստաշրջանի բացմանը կազմակերպության գլխավոր քարտուղար Հիսեյն Բրահիմ Թահան հիասթափություն է հայտնել, որ Ստոկհոլմը և Կոպենհագենը մինչև հիմա միջոցներ չեն ձեռնարկել Ղուրանի անարգման միջադեպերի կրկնությունը կանխելու համար և շարունակում են թույլ տալ նման գործողություններ։ Նիստի արդյունքներով նախարարներն ընդունել են բանաձև, որով անհանգստություն են հայտնել ռասիստական ​​շարժումների և աջ ծայրահեղականության վերականգնման առնչությամբ և պահանջել են անհապաղ դադարեցնել ծայրահեղական գործողությունները: Խորհուրդը նաև միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ կանխելու կրոնական սրբությունների, այդ թվում՝ Ղուրանի պղծումը։

ԻՀԿ երկրների արտգործնախարարների խորհուրդը կայացել է Ստոկհոլմում հերթական ակցիայի ֆոնին, որի ընթացքում Իրաքից միգրանտներ Սալվան Մոմիկան և Սալվան Նաջեմը Ղուրանի մի քանի էջ են այրել։ Նրանց նկատմամբ արդեն քրեական գործ է հարուցվել նմանատիպ ցույցերի անցկացման և ատելություն սերմանելու փաստով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս