Ռուսաստանն անայցագիր զբոսաշրջային ուղևորություններ է սկսել Չինաստանի և Իրանի հետ
Ռուսաստանն ու Չինաստանն օգոստոսի 1-ից պատրաստ են փոխադարձ հիմունքներով ընդունել զբոսաշրջիկների խմբեր՝ անայցագիր խմբային զբոսաշրջային փոխանակումների միջկառավարական համաձայնագրի շրջանակներում։ Բացի այդ, օգոստոսի 1-ից Ռուսաստանի և Իրանի միջև արդեն սկսվում են զբոսաշրջիկների անայցագիր խմբային ուղևորությունները։ Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:
Փետրվարի 20-ին ՌԴ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև անայցագիր խմբային զբոսաշրջային ուղևորությունների մասին համաձայնագիրը վերսկսել է գործողությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարեցվելուց հետո։
Ռուսաստանի Տուրօպերատորների ասոցիացիայի (ATOR) արտագնա զբոսաշրջության գծով փոխնախագահ Արթուր Մուրադյանը նշել է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև զբոսաշրջիկների անայցագիր խմբային ուղևորությունների մեկնարկը կարող է երկու-երեք անգամ մեծացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքը։
Իսկ Ռուսաստանի և Իրանի միջև 2023 թվականին անայցագիր խմբային զբոսաշրջային ուղևորությունների մասին համաձայնագիրը կնքվել է 2021 թվականի հուլիսի 1-ին։ Դրա շրջանակներում երկու երկրների քաղաքացիները կարող են առանց այցագրի այցելել մյուս երկիր զբոսաշրջության նպատակներով մինչև 50 հոգանոց խմբերի կազմում՝ 15 օրից ոչ ավելի ժամկետով: