ՔՊ-ականները «զենք-զրահով» պատրաստված սպասում են Դավիթ Տոնոյանին. հրահանգներ են ստացել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կալանավորված ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր կգնա 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները «զենք-զրահով» պատրաստված սպասում են Տոնոյանին դիմավորելուն:
Այսպիսով, մինչ ԱԺ քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստը ՔՊ-ականները մի քանի անգամ հավաքվել, նիստեր են արել ու անհրաժեշտ ցուցումներ ստացել: Ինչպես մեր ՔՊ-ական աղբյուրներն են փոխանցում, հրահանգներն իջեցվել են անմիջապես Նիկոլ Փաշինյանի կողմից. կարելի է ասել՝ հարցերը գրել, տվել են ՔՊ-ականներին, նրանց մնում է միայն կոշտ ու սուր տոնով դրանք ուղղել ՊՆ նախկին նախարարին: ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ իր հերթին լավ նախապատրաստել է ՔՊ-ականներին, ասել է, որ հարցախեղդ անեն Դավիթ Տոնոյանին, կոշտ հարցեր ուղղեն նրան: Տեղեկացանք նաեւ, որ նիստի սկզբնամասը բաց է լինելու, իսկ մի մասն էլ՝ փակ, գաղտնի ռեժիմով»: