Սամանթա Փաուերը Լաչինի միջանցքով առևտրային և հումանիտար մատակարարումների ազատ տարանցման կոչ է արել
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերը մտահոգություն է հայտնել Արցախում սննդի և դեղորայքի պակասի առնչությամբ։ Պաշտոնյան միջանցքով առևտրային և հումանիտար մատակարարումների ազատ տարանցման կոչ է արել։
«Լեռնային Ղարաբաղում պարենային անապահովությունը և բժշկական պարագաների պակասը շատ մտահոգիչ են։ Լաչինի միջանցքը կարևոր նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին կենսական նշանակության մատակարարումներ հասցնելու համար։ Ես միանում եմ պետքարտուղար Բլինքենի՝ միջանցքով առևտրային և մարդասիրական մատակարարումների ազատ տարանցման կոչին», – գրել է Սամանթա Փաուերը Twitter-ում։
Ադրբեջանը շարունակում է ապօրինի արգելափակված պահել Լաչինի միջանցքը։ 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը․ սկզբնական շրջանում դա արվել էր բնապահպանական կեղծ ակցիայի միջոցով, իսկ միջանցքի երթուղին փոխելուց հետո Ադրբեջանն ապօրինի անցակետ տեղադրեց այնտեղ՝ արգելափակելով մարդկանց և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը։ Մինչև 2023 թվականի հունիսի 15-ը միջանցքով սահմանափակ քանակով մատակարարումներ, այնուամենայնիվ, իրականացվում էին ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ, սակայն հունիսի 15-ից հետո Ադրբեջանն ամբողջովին արգելափակել է միջանցքը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղը զրկվել է հումանիտար մատակարարումներից, այնտեղ կա սննդի, առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղորայքի պակաս։ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը զրկել է նաև գազից և էլեկտրաէներգիայից։ Հայաստանի և Արցախի ղեկավարությունը իրենց հայտարարություններում բազմիցս ահազանգել են, որ Ադրբեջանը էթնիկ զտման քաղաքականություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում։