«Հայ քաղաքական միտքը ՀՀ-ն պահելու ևս մեկ շանս ունի». Վլադիմիր Մարտիրոսյան
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի դեռ հայ քաղաքական միտքը իր առջև չի դրել լուծման ենթակա հստակ խնդիրներ, որտեղ աներկբա առաջնայիններից մեկը Փաշինյանի ռեժիմի տապալումն է, այնուհետև անդունդում հայտնված ՀՀ-ի վերականգնումը, չկա և չի լինելու այդ անդունդի չխորացման որևէ շանս:
Քանի դեռ հայ քաղաքական միտքը, իր առջև չի դրել Հադրութի և Շուշիի ազատագրման և Արցախի անվտանգային պարագծի առաջանցիկ ամրապնդման խնդիր, որևէ Արցախցի չի կարողանալու սեփական հողում բարիք ստեղծել:
Քանի դեռ հայ քաղաքական միտքը հայ ռազմական մտքի առջև խնդիր չի դրել հաշվառել, պլանավորել և իրագործման համար ունենալ Հայաստանը Արցախին կապող և Ադրբեջանի կողմից վերջնականապես չկլանվելու միակ երաշխիք հանդիսացող Լաչինի միջանցքի բացման ռազմական օպերացիայի պատրաստ պլան, ապա հայ մարդկանց ստորացուցիչ առևանգումները դեռ սկիզբն է խորացող նսեմացումների և ստորացումների:
Քանի դեռ հայ քաղաքական միտքը հայկական անվտանգային և ռազմական պատասխանատուների առջև չի դրել խնդիր վերականգնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ստեղծել նոր անվտանգային չեզոք գոտիներ, ապա ՀՀ-ի անվտանգային և ռազմական ռեսուրսը սպառվելու, չեզոքանալու, ամլանալու է և դառնա բուտաֆորիկ բեռ, թե ներքին և, թե արտաքին շահառուների համար:
Քանի դեռ հայ քաղաքական միտքը հայ դիվանագիտական մտքի առաջ չի դրել խնդիր բացառապես առաջնորդվել հայկական, ազգային շահի և պետականության շահերից բխող դիվերսիֆիկացիոն մոդելների կիրառմամբ և արտաքին գործընկերների հետ նրանց և հայկական շահի հնարավոր համադրման մեթոդաբանությամբ, ապա չկա երաշխիք, որ բացարձակ աբսենտիզմի հասցված դիվանագիտությունը բացի սպառնալիքների խորացումից կարող է այլ բանի հանգեցնել:
Քանի դեռ հայ քաղաքական միտքը ընկալելով Արցախի հանձնման վտանգների մաշտաբները ՀՀ-ի էթնիկ, քաղաքական, սոցիալ հոգեբանական և գոյութենական արհավիրքների առումով չի կարողացել ձևակերպել լայն կոնսոլիդացիայի դեղատոմսեր, որը կներառի ՀՀ քաղաքացիների, հայկական սփյուռքի և Հայաստանի բարեկամ երկրների հումանիտար և ռազմական, հայկական շահի լոբբինգի կենսունակ և աննահանջ քաղաքական գործողություններ, չկա և չի լինելու որևէ շանս, որ Արցախի կլանումից հետո ՀՀ-ն կունենա իր գոյությունը, իր ազգային, պետական և հանրային շահերին համապատասխան պահպանելու որևէ հնարավորություն:
Քանի դեռ հայ քաղաքական միտքը իր առջև չի դրել ՀՀ-ի գոյութենականության համար առաջին սպառնալիք Ալիևյան ռեժիմի տապալմանն ուղղված շատ ծանր, բայց հնարավոր աշխատանքային, լոբբիստական, աութսորսինգային, ռեսուրսատար գենպլան և չի դրել ամեն գնով այդ ռեժիմի չեզոքացման խնդիր, չկա և չի լինելու որևէ այլ էֆեկտիվ ստրատեգիական պլանավորում, որում հնարավոր կլինի երկարաժամկետ դիմակայումը:
Քանի դեռ հայ քաղաքական միտքը չմշակի, չպլանավորի և գործի չդնի հայ հասարակության բոլոր հնարավոր ծակոտիների մեջ սպառողական հասարակությունից քաղաքական ազգ դառնալու կոնցեպտուալ գաղափարախոսական աշխատանքի մեթոդաբանությունն ու կիրառկումը, ապա չկա և չի լինելու որևէ հնարավորություն, որ այս երկիրը ունի որևէ շանս դիմակայել այս մարտահրավերներին տաս տարուց ավելին:
Հ.Գ. Հայ քաղաքական միտքը ՀՀ-ն պահելու ևս մեկ շանս ունի, որն է հասարակության մեծամասնության քաղաքականացումն ու ներառականության բարձրացումը տարբեր մեթոդներով: Սրանք նվազագույն կետերն են, որը պետք է իրագործել օր առաջ, որ դեռ մի 100 տարվա գոյության ֆունդամենտ ունենանք, մինչ նոր մարտահրավերների առաջ գալը»: