Փաշինյանից ներողություն եմ խնդրում դավաճան ասելու համար. ինքը դավաճան չի, թշնամի է. Գեղամ Մանուկյան
Օրերս հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Արցախի և արցախահայության նկատմամբ իր մաղձն ու ատելությունը ցույց տալուց, ապա հանրային լայն շրջանակների կողմից քննադատվելուց հետո Նիկոլ Փաշինյանը որոշեց ինքն իր ասածները սրբագրել, լարված իրավիճակը մեղմել, ուստի այդ գիշերվանից սկսեցին կազմակերպել Արցախին հումանիտար օգնություն ուղարկելու վերաբերյալ շոուն՝ առանց նախապես ձեռք բերելու անհրաժեշտ համաձայնությունները։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Հայաստանի Կառավարության՝ Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու որոշման մասին, նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը՝ ընդգծելով՝ իշխանությունն իր այս քայլով փորձում է ընդամենը չքմեղանալ և ցույց տալ, թե ձեռք է մեկնում Արցախում ապրող հայերին։
«Իրականում, սակայն, քննարկում են Աղդամի տարբերակը, իհարկե, Էդմոն Մարուքյանը, որն այդ հարցի քննարկումը մերժում է, Հատուկ հանձնարարություններով դեսպան է նշանակվել Փաշինյանի ավերներն արդարացնելու, մեղքերը մաքրելու համար, բայց մեկ է՝ իրականությունն այլ է։ Իրավիճակը հետևյալն է՝ Շառլ Միշելն է խոսում Ակնայով Ստեփանակերտ ապրանքներ ուղարկելու մասին, իսկ այդ նույն բանակցությանը նստած Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ինքը նման հարցի քննարկման չի մասնակցել։ Արդյունքում ստացվում է, որ Փաշինյանը և՛ մասնակցել է եռակողմ հանդիպման, և՛ գոյություն չի ունեցել այդ հանդիպման ժամանակ»,- ասաց Գեղամ Մանուկյանը՝ շեշտելով՝ փաշինյանական աշխատաոճն է՝ հերքել այն, ինչը վրա է հասնում իրենց պայմանավորվածությունների հետևանքով, օրինակ, հիշենք նրանց գաղտնի որոշումը Սյունիքում հայկական զորքին նահանջ պարտադրելու մասին։
Ըստ Մանուկյանի՝ Փաշինյանը հիմա կյանքի է կոչում իր տասնամյակների քարոզչությունը՝ ազատվում է Արցախից, քանզի այն բեռ է համարել միշտ, ուստի հենց այդ նպատակով է նաև պետական քաղաքականություն դարձրել արցախցիների և հայաստանցիների միջև լարվածության սերմանումն ու դրա խորացումը։
«Չեմ կարողանում պատկերացնել հայի, որը կարողանա այդքան ջերմեռանդությամբ հիմնավորել, թե Արցախն Ադրբեջանինն է, կամ՝ ինքնորոշման իրավունքի իրացման անհնարինությունը։ Գիտե՛ք, մտածում եմ՝ առաջիկայում ԱԺ նիստ է լինելու, և պետք է մի բան հայտարարեմ. պետք է ասեմ, որ ներողություն եմ խնդրում Փաշինյանից, որ նրան 3 տարի դավաճան եմ ասել. ինքը դավաճան չէ, թշնամի է»,- խոսքը եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։