Ի տարբերություն ադրբեջանցիների՝ հայ փախստականները մազապուրծ փրկվել են ցեղասպանությունից. Արցախից տեղահանվածների հայտարարությունը
2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանվածները հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով օրերս Մոսկվայում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից հնչեցված մտքերին:
«Մենք՝ Արցախի Հանրապետության /Լեռնային Ղարաբաղի/ Շուշիի, Մարտունու, Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններից բռնի տեղահանված և փախստական դարձած մի քանի տասնյակ հազար հայերի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպություններս, մեր տարակուսանքն ու զայրույթն ենք արտահայտում՝ հուլիսի 26-ին Մոսկվայում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից հնչեցված մտքերի կապակցությամբ։
ՌԴ ԱԳ նախարարը հավասարության նշան է դնում Ադրբեջանի հայաբնակ շրջաններից, Արցախի Հանրապետության ցեղասպանությունից փրկված հայ փախստականների և ժողովուրդների սեգրեգացիայի հետևանքով Հայաստանի տարածքը լքած ադրբեջանցիների միջև։
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք ՌԴ իշխանություններին, որ Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիները հնարավորություն են ունեցել փոխանակել իրենց տները, իրենց հետ տեղափոխել իրենց ունեցվածքը, Հայաստանի Հանրապետությունից ստանալ փոխհատուցում։
Ի տարբերություն ադրբեջանցիների, հայ փախստականները մազապուրծ փրկվել են ցեղասպանությունից, իսկ ովքեր չեն հասցրել կամ չեն կամեցել լքել իրենց բնակավայրերը, դաժանաբար սպանվել են իրենց տներում կամ բակերում»,- ասված է հայտարարության մեջ:
Տեղահանված արցախցիներն ընդգծել են, որ վերադառնալու իրենց իրավունքն արձանագրված է Հայաստանի վարչապետի, ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի՝ 2020 թվականի եռակողմ հայտարարության 7-րդ կետում, որտեղ ասված է. «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»:
Ելնելով վերոհիշյալից՝ նրանք կոչ են անում միջազգային հանրությանը, ՄԱԿ-ին՝ իրենց վերադարձի պայմանների ապահովման համար քննարկումների պատշաճ ֆորմատ ստեղծել, ներառելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչներին:
«Մեր վերադարձը պետք է ապահովեն ՄԱԿ խաղաղապահ զորքերը, այլապես մենք չենք կարող ունենալ անվտանգության երաշխիքներ։
Համոզված ենք նաև, որ հակամարտության ներկա փուլում չկա այլընտրանք, քան՝ Արցախի և Ադրբեջանի հանրապետությունների պաշտոնյաների ուղիղ բանակցությունները՝ միջազգային երաշխավորների միջնորդությամբ։
Ռուսաստանի Դաշնությանը հորդորում ենք՝ իրենց պաշտոնական դիրքորոշումը բխեցնել այդ ելակետից։
ՀՀ վարչապետին կոչ ենք անում միջազգային բոլոր ձևաչափերում բարձրացնել մեր հարցը:
Ամբողջ միջազգային հանրությանը կոչ ենք անում աջակցել մեր լեգիտիմ իրավունքների պաշտպանությանը»,- եզրափակվում է հայտարարությունը: