
Վրաստանն էլեկտրաէներգիա հիմնականում ներմուծում է Ռուսաստանից

Պետական էլեկտրաէներգետիկ համակարգի հրապարակած տվյալների համաձայն, 2023 թվականի հունվար-հուլիս ամիսներին Վրաստանը ներմուծել է 600,4 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ըստ տվյալների՝ Վրաստանը Ռուսաստանի Դաշնությունից ստացել է 597,66 մլն կՎտ/ժամ, այսինքն՝ ներմուծումը գրեթե ամբողջությամբ կատարվում է Ռուսաստանից։
Տնտեսական հարցերով լրատվություն հրապարակող Business Media Georgia-ն գրում է, որ Ռուսաստանից ներկրված 589 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա սպառվել է օկուպացված Աբխազիայի շրջանում։ Ընթացիկ տարվա վեց ամսում Վրաստանը Ռուսաստանին էլեկտրաէներգիայի ներկրման համար վճարել է ընդհանուր առմամբ 658 հազար դոլար։ Նշենք, որ Ռուսաստանից էլեկտրաէներգիա է ներկրվել հունվար, փետրվար և մարտ ամիսներին։
Այս տարվա վեց ամսում Վրաստանն արտահանել է 756,5 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Ուղիղ հունիսին երկիրն ավելացրել է արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալը մինչև 350,5 մլն կՎտ/ժ, որից Վրաստանը 253 մլն կՎտ/ժ է վաճառել Թուրքիային։